ԶԲՈՍԱՎԱՐԻ ՊԱՏՎԻ ԿՈԴԵՔՍ

Պատվի կոդեքս

Գործի շահերը բարձր դասել անձնական շահերից:

2. Գիլդիայի ներկայացուցչի շահերի պաշտպանությունը գործատուի մոտ՝ զբոսավարի աշխատանքը տուրիստների սպասարկման ընդհանուր շղթայում որպես առաջնահերթ կարևորության գործոն դիտելու առումով:

3. Կորպորատիվություն՝ սերտ համագործակցություն, հարգանք գործընկերների շահերի հանդեպ, փոխադարձ ու անաչառ օգնություն, համերաշխություն, տեղեկատվության և փորձի փոխանակում:

4. Հրաժարում գործընկերների հանդեպ դեմպինգի մեթոդներից:

5. Հրաժարում աշխատանքի հանդեպ անձնասիրական և շահամոլական դրսևորումներից:

6. Եվ վերջապես, զբոսավարը պարտավոր է հիշել, որ ինքը հանդիսանում է իր երկրի ներկայացուցիչը, և երբեք, ոչ մի տեղ ու ոչ մի հանգամանքում նա չպետք է կորցնի սեփական արժանապատվության զգացումը: Իսկ դա նշանակում է՝ ներկայացնել իր երկիրը սիրով, պատվով և արժանապատվությամբ:

Մասնագիտական և Բարոյական պահանջներ

Զբոսավարի բարձր պրոֆեսիոնալիզմը կոչված է միավորել ժողովուրդները: Իսկ ոչ պրոֆեսիոնալի կցկտուր և ոչ կոմպետենտ խոսքը կարող է տարանջատել ժողովուրդներին:


1. Զբոսավարը պարտավոր է հիմնավոր ձևով և անթերի տիրապետել իր երկրի պատմության, մշակույթի, ճարտարապետության, արվեստի, կրոնի և քաղաքակրթության ոլորտի բազմակողմանի գիտելիքներին:

2. Զբոսավարը պարտավոր է իմանալ այն երկրի պատմությունը, մշակույթը ու արվեստը, որի ներկայացուցիչների հետ նա աշխատում է:

3. Զբոսավարը պարտավոր է ազատ տիրապետել այն լեզուներին, որոնցով նա աշխատում է:

4. Զբոսավարը պարտավոր է հետևել իր ձայնի հնչերանգին և խոսքի բովանդակությանը. այն է՝ ձայնը չպետք է լինի ագրեսիվ (հարձակողական), ճչան, իսկ խոսքը՝ ձանձրացնող ու միատարր։

5. Զբոսավարը պետք է տիրապետի պրոֆեսիոնալ էթիկային, լինի բարյացակամ ու բարեհամբյուր, համբերատար ու ժպտերես:

6. Զբոսավարը պարտավոր է մշտապես աշխատել իր վրա, բարձրացնել ու հարստացնել իր գիտելիքները, այդ թվում նաև լեզվական գիտելիքները, աշխատանքային և գործնական որակն ու հմտությունները, ինչպես նաև ակտիվ հետևել իր երկրի և աշխարհի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային նորություններին:

7. Զբոսավարը պետք է ճկուն, անմիջական և նրբազգաց լինի շփման մեջ, հետևապես նաև տիրապետի հոգեբանությանն առնչվող որոշ գիտելիքներին:

8. Զբոսավարի հագուստը պետք է լինի կոկիկ ու հարմար և համապատասխանի տվյալ պահին իր կատարած աշխատանքին, այն է՝ էքսկուրսիա, գործնական հանդիպում, ընթրիք կամ ընդունելություն:

9. Զբոսավարը պետք է կարողանա բարդ իրադրություններում արագ կողմնորոշվել և ընդունել պահի ճշգրիտ որոշումը:

10. Զբոսավարը պետք է տիրապետի խոսքի, լսելու և լռելու մշակույթին: