Լուրեր
     »

Զբոսավարի միջազգային օր 2026

2026-02-21

1989թ. Կիպրոսում կայացած WFTGA- Տուրիստական գիդերի ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի 3րդ կոնվենցիան, 1985թ. փետրվարի 21ը հաստատեց որպես WFTGA հիմնադրման օր։ Այդ օրը սկզբում նշում էին 15 անդամ երկրներ։ Այսօր փետրվարի 21ը նշվում է առաջադեմ աշխարհում որպես տուրիստական գիդերի միջազգային օր։

Հայ Զբոսավարների Գիլդիան և ընկերները մասնագիտական տոնի առթիվ այցելեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն, ծանոթանալու ճարտարապետ Ա. Թամանյանի «Ժողովրդական տան» անցյալին և ներկային, ինչպես նաև թատրոնի շենքի տեսանելի և շատերիս համար անտեսանելի կողմերին։ Հանդիպեցինք Ազատության (թատերական) հրապարակում` Հովհ. Թումանյանի (157) արձանի մոտ։ Հետո ներս մտանք ու սկսվեց պատմական էքսկուրսը։ Խորհրդավոր կիսամութի մեջ անցանք հանդիսատեսի սրահով և հայտնվեցինք թատրոնի բեմում։ Այսօր այն ձևավորված էր Մինաս Ավետիսյանի բեմանկարներով «Գայանե» բալետի համար։ Զգացինք բեմի մոգական ուժը, որի մասին հաճախ պատմում են բեմական արվեստի ներկայացուցիչները, իսկ առավել թաքնված տեղերում նույնիսկ օպերայի ուրվականի մասին հարցում արեցինք։ Իրոք որ արվեստի աշխարհն առեղծվածային է ու հզոր։ Միայն այն միտքը թե ինչ մարդիկ են կանգնած եղել օպերայի շենքի ստեղծման և օպերայի և բալետի թատրոնի կայացման ճանապարհին, բավական է, որ շնորհակալությամբ և ակնածանքով լցվենք բոլոր ժամանակների Հայ մեծերի նկատմամբ մեզ թողած ժառանգության համար։

Հատուկ շնորհակալություն մեր գործԸնկեր Ռոբերտ Մաթևոսյանին, ինչպես նաև թատրոնի ողջ անձնակազմին մեր մասնագիտական օրը այսքան բովանդակալից և տպավորիչ դարձնելու համար։

Մայրենի լեզվի օրն է 2026

2026-02-21

1999թ. նոյեմբերին ՄԱԿ-ի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 30-րդ նստաշրջանի որոշմամբ փետրվարի 21-ը նշվում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Հայաստանում Մայրենի լեզվի միջազգային օրը նշվում է 2005 թվականից։ Մինչդեռ Սիլվա Կապուտիկյանը «Խոսք իմ որդուն» բանաստեղծությունը գրել է 1964թ-ին։ Պատգամի մեջ նշվող մարդկային առանցքային արժեքը մայրենի լեզուն է։

Հիշենք մեր երկրի բոլոր զրկանքներն ու զոհաբերությունները, հիշենք մեր Մեծերին ու նրանց ստեղծած արժեքները, պատրաստ լինենք նոր իրողություններին արժանապատվորեն ընդառաջ գնալու և որ ամենակարևորն է մաքուր պահենք մեր ինքնությունը բնորոշող, դարերից մեզ հասած և նրանով արձանագրված հզոր մշակութային ժառանգության արմատը` ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ։

2026

2026-01-13

Իր ավարտին մոտեցավ 2025 թվականը, որում ՀԶԳ-ն 20 տարեկան դարձավ: Այս խոսքում ուզում եմ անդրադառնալ այդ իրադարձությանը, որի կարևորությունը, կարծես, ապագայում ավելի կգնահատվի: Խոսքը Հայ Զբոսավարների Գիլդիայի էության մասին է:

Ուզում եմ կարևորել ոչ այնքան այն հանգամանքը, որ ՀԶԳ-ն ՀՀ տուրիստական գիդերի ամենաառաջին մասնագիտական միությունն է և շոշափելի գործ է կատարել զբոսավարության զարգացման բնագավառում, այլ ավելի շուտ կարևորել ՀԶԳ-ի հոգևոր նշանակությունը, քանի որ ՀԶԳ-ի հիմքում ընկած է սերը: Իսկ սերը միացնում է, և չի բաժանում:
Սերը հոգևոր կատեգորիա է: ՀԶԳ հիմնադիրները սիրում էին իրենց գործը և իրենց հայրենիքը: Եվ ցանկանում էին այդ վերանձնական մոտեցումը փոխանցել բոլոր իրենց երիտասարդ ու գալիք գործընկերներին:

Գիլդիայի հիմնադիրների անունները պետք է մնան մեր հիշողության մեջ:
Բիատրիսա Նշանյան, Ջուլյետա Խլոյան, Նոռա Գասպարյան, Սվետլանա Սարգսյան, Լիանա Գրիգորյան: Եվ նրանց կողքին երկու համեստ օգնական` Նաիրա Սուքիասյան և Մարգարիտա Նավոյան. Մեր երկուսիս համար դա մեծ պատիվ էր լինել մեր ավագ գործընկերների կողքին և այդպիսով մաս ունենալ Գիլդիայի հիմնադրման սուրբ գործին:
Ուստի դա մեր պարտականությունն է, որ այդ անունները չմոռացվեն: Ու ցավոք նաև մեծ բացթողումն է, որ նրանց այսօր գրեթե ոչ ոք չի ճանաչում: Դա հնարավորություն է տալիս տարբեր ինքնակոչիկներին իրենց վերագրել Գիլդիայի հիմնադրման գաղափարը` դրանով նսեմացնելով այն:


Մինչդեռ ՀԶԳ հիմնադիրները Հայաստանի առաջին գիդերն են եղել: Այն դժվար սովետական տարիներին իրենց վարպետությունը նվիրել են հայրենիքը ճանաչելի և սիրելի դարձնելու գործին: Նրանք բոլորը գեղեցիկ և խելացի հայուհիներ էին և պարզապես լավ մարդիկ: Նրանք են մեզ սովորեցրել լինել գիտակից քաղաքացի և արժանապատիվ մարդ:
Հայ Զբոսավարների Գիլդիան հիմնադրելով նրանք ուզում էին սերնդափոխություն ապահովել, քանի որ երբեք չեն զլացել փոխանցել իրենց գիտելիքներն ու հմտությունները: Եվ բոլորը, ում բախտ է վիճակվել շփվել նրանց հետ, միշտ կպահեն նրանց իրենց սրտերում ու կշարունակեն նրանց գործը:


Բիատրիսա Նշանյան, Ջուլյետա Խլոյան, Նոռա Գասպարյան` նրանք այլևս մեզ հետ չեն: Ամեն մեկը` մի կենսագրություն, մի բնավորություն, մի անհատականություն, բարձր կրթություն, մարդկային արժանապատվություն և, վերջապես, մասնագիտական հեղինակություն: Խորին շնորհակալություն և խոնարհում նրանց հիշատակին:


Շնորհակալություն ենք հայտնում և շնորհավորում նաև նրանց, ովքեր մեզ հետ են, ովքեր ամենասկզբից և 20 տարիների ընթացքում անդամագրվեցին Գիլդիային, ընդունելով նրա կանոնադրական նպատակները և մնացին հավատարիմ նրանց: Այդ անդամների շնորհիվ ՀԶԳ-ն կարողացավ հաղթահարել բազում դժվարություններ ու չարախոսություններ: Այդ անդամներն են, որ մնացին պայքարելու համար` չուրացան իրենց ՀԶԳ-ում ստացած գիտելիքները և չլռեցին, երբ փորձում էին վատաբանել Գիլդիան, չգնացին տարբեր թվացյալ կամ իրական շահերի հետևից, չտրվեցին անձնական ամբիցիաները առաջ տանելու տենդին:
Թվում է թե, ինչ է, մի փոքր ՀԶԳ, մի փոքր արարք: Բայց մարդը շատ հաճախ փորձվում է հենց փոքր խնդիրներով: Դա շատ կարևոր է գիտակցել, քանի որ հոգևոր ոլորտի հիմնական իմաստություններից մեկը ասում է. Տիեզերքում չկա ոչ փոքր, ոչ էլ մեծ [բան]:


Ու վերջապես շնորհակալություն և շնորհավորանքներ ՀԶԳ բոլոր ընկերներին ու բոլոր նրանց, ով կարևորում է մասնագիտական գիտելիքն ու պատիվը, վստահում է մեզ և դեռ գալու է մեր հետ միասին մեր հիմնադիրների ազնիվ գործը շարունակելու:
Գրված է. Երանելի է Հնդկաստանը, քանի որ միայն նա է կարողացել պահպանել Ուսուցչի բարձր գաղափարը: Ավելացնեմ, որ Հայաստանն էլ հետ չի մնում: Ուստի նորից և նորից շնորհակալություն ենք հայտնում մեր ուսուցիչներին ու շնորհավորում բոլորիս:


Լույսում կենաք`
Բիատրիսա Նշանյան, Ջուլյետա Խլոյան, Նոռա Գասպարյան, Սվետլանա Սարգսյան, Լիանա Գրիգորյան և նրանց կողքին Ռուզաննա Խաչիկյան, Ռոզա Աթանեսյան, Նարինե Սահակյան, Նարինե Լևոնյան, Լիա Կարապետյան, Աիդա Կարապետյան, Ինգա Սարգսյան, Հասմիկ Մանուկյան և բազում համեստ ՀԶԳ անդամներ։


Նաիրա Սուքիասյան
ՀԶԳ նախագահ

05.10.2025

2025-10-05

«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Այսօր ուսուցչի օրն է։ Շնորհակալություն և խոնարհում բոլոր սերունդների ու բոլոր ժամանակների իրական և անձնվեր մեր ուսուցիչներին։

Զբոսավարի միջազգային տոն 2025

2025-02-21

Այսօր Զբոսավարի մասնագիտական օրն ու տոնն է։
Շնորհավորում ենք բոլոր ժամանակների զբոսավարներին։ Թող միշտ լինենք ու մնանք դրական, կենարար էներգիայով լի, լավագույնը նկատող ու բացահայտող, ու աշխարհը սիրող։
Որպես հիշեցում և ապագայի տեսլական` Զբոսավարի միջազգային (ԶԱՀՖ֊ WFTGA) սահմանումը`
Զբոսավարը այն անձն է, ով ուղեկցում֊ ղեկավարում է այցելուներին վերջիններիս նախընտրած լեզվով և մեկնաբանում է տվյալ տարածքի մշակութային և բնական ժառանգությունը. ունի որակավորում տվյալ տարածքում գործելու համար` տրված և/կամ ճանաչված համապատասխան մարմնի կողմից։
Օգտակար օր ու տարի բոլորիդ, զբոսավարներ` անկախ ժամանակային և տարածական չափումներից։

Նկարում՝ ՀԶԳ այցը Սուրբ Վարդան զորավարի տապանատուն, Սյունիք, Անգեղակոթից արեւելք՝ Շաղատի ճամփեզր

Հղումը Զառա Կարապետյանի նվերն է զբոսավարի մասնագիտական տոնին։
https://www.facebook.com/100002673982525/videos/941549891429124/